ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու մասին պատմող հերթական գիրքը լույս է տեսել Արգենտինայում։ Գրքի մասին հոդված է հրապարակել արգենտինական Infobae պարբերականը։ Պապի ճակատագրի մասին գրել է թոռը` Ֆակունդո Սինատրան։
Սուքիաս Սուքոյանը ծնվել է 1906 թվականին Վանում։ 1914 թվականին, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, նրա ընտանիքը ճամփա ընկավ դեպի Երևան։ Դրանից հետո նա տեղից տեղ էր գնում` Թբիլիսի, Բաքու, Ստամբուլ, Մարսել, Մոնտևիդեո։ Վերջապես 1944 թվականին հաստատվեց Բուենոս Այրեսում, որտեղ ապրեց մինչև մահանալը (1984 թվական)։
Ահա թե ինչ է պատմում նրա թոռը.
«Մայրիկիս հետ բարձրանում ենք այն սենյակ, որտեղ ապրում էր պապս։ «Նա շատ էր սիրում գրել։ Ահա, տես», — ասում է մայրս և ինձ պարզում տետրերից մեկը։
Ծնվել եմ 1982 թվականին և գրեթե նրան չեմ հիշում։ Վատ եմ հիշում նույնիսկ նրա արտաքինը։ Սակայն այս օրագիրը ընտանիքիս մասին մի շարք հարցերի պատասխան տվեց։
Հորական կողմից ազգանունս Սինատրա է։ Մանուկ հասակում չէի մտածում հայկական կողմիս մասին։ Սակայն վաղ մանկությունից հուշերումս մնացել են մորական բարեկամներիս զրույցները մի լեզվով, որը չէի հասկանում։ Ընդ որում` այդ խոսքերը ես ոչ միայն լսում էի, այլև ինքս արտասանում։ Պապիս կողքին լուռ նստում էր Անահիտ տատս, որը երեխա ժամանակ նույնպես ամեն ինչ տեսել էր։
Երբ մեծացա, «յան» ազգանունը կրող բոլոր հարազատներից ձանձրացնում էի հարցերով։ Հարցուփորձ էի անում, թե ինչ է պատահել տատիս ու պապիս հետ։ Որտե՞ղ են նրանք ծնվել։ Ինչո՞ւ են Արգենտինա եկել։ Իսկ Հայաստանը որտե՞ղ է։ Որքան ավելի շատ էին նրանք պատասխանում, այդքան ավելին էի ուզում իմանալ։
Երբ մայրս փոխանցեց պապիս տետրերը, տեսա խնամքով համարակալած էջերը և անծանոթ տառերը։ Չէ՞ որ հայերեն չգիտեի։ Այդ ժամանակ խնդրեցի թարգմանել մի քանի էջ։ Երբ ես բացահայտեցի դրանք, չէի կարողանում ուշքի գալ։ Ոչինչ բաց չթողնելով` նա գրել էր, թե ինչպես է 8 տարեկանում փախել քաղաքից 6 տարեկան քրոջ ու հիվանդ մոր հետ։ Նա խոսում էր 1914 թվականի աշնան մասին։ Այդ մասին ես կարդում էի 2014 թվականի գարնանը։
Աշխարհի կեսը կտրել-անցնելով, նա հաստատվել էր Արգենտինայում, որտեղ գորգեր էր լվացել։ Այստեղ նա ապրել էր կնոջ` Անահիտի և 3 դուստրերի` Արուսյակի, Աստղիկի և Գլորիայի հետ»։
Գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես է մարդը կարողանում գոյատևել, հաղթահարել աղքատությունն ու պահել նախնիների հիշատակը։