ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծնկի վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնել է «զինագործների» պաշտոնական կայքը` հղում անելով «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին։
Հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մոտ մեկ ամիս առաջ Չեմպիոնների լիգայի ԲԿՄԱ–ի հետ խաղում։
«Հենրիխ Մխիթարյանը վերականգնվեց վնասվածքից հետո և ապրիլի 29–ին դուրս եկավ դաշտ իր նախկին թիմի` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղալու, սակայն նա անընդհատ տրորում էր ծունկը», – նշվում է հաղորդագրությունը։
Հայաստանի հավաքականի ավագը փոխարինվեց խաղի 76–րդ րոպեին։
«Ես փոխարինեցի Մխիթարյանին, քանի որ նա նորից մի փոքր վնասել էր ծունկը։ Դա նկատեցինք հանդերձարանում», – նշել է մարզիչը։
Հիշեցնենք` ապրիլի 29–ի երեկոյան «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում «Արսենալը» 2:1 հաշվով պարտվեց «ՄՅՈւ»–ին։ Առաջին գոլը խփել են «մանկունիանցիները»` 16–րդ րոպեին Պոլ Պոգբան գրավել է դարպասը։ Պատասխան գոլի հեղինակ դարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Նա հավասարեցրել է հաշիվը խաղի 51–րդ րոպեին։ Սակայն 90–րդ րոպեին Մարուան Ֆելաինին «կորզել» է հաղթանակը։
Մխիթարյանը մեկնարկային կազմում էր դուրս եկել, սակայն 76–րդ րոպեին «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերը փոխարինեց հայ ֆուտբոլիստին։
Խաղի արդյունքներով երկու թիմն էլ պահպանեցին իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում։ «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ է, իսկ «Արսենալը»` վեցերորդը։