ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, իմանալով, որ շատ է քննարկվում իր բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ-չունենալու հարցը, ներկայացրել է ստուգման գրքույկի լուսանկարները։
«1991 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարան, իսկ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռեկտորատի որոշմամբ հեռացվել համալսարանից։ Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ և կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել և տեղում կվերականգնվեմ, բայց բնականաբար մերժել եմ այդ առաջարկը»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։
Հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը պայքարում էր, որ իշխող ՀՀԿ–ն չառաջադրի վարչապետի իր թեկնածուին։ Ապրիլի 25–ից նրանք կրկին բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են անցկացնում ոչ միայն Երևանում, նաև` ՀՀ այլ քաղաքներում։
Ապրիլի 28–ին ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի իր թեկնածուն չի առաջադրի` երկիրը հետագա ցնցումներից զերծ պահելու համար։