ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Երևանում վերսկսվեցին քաղաքացիական անհնազանդության ցույցերը։ Ցուցարարները ժամը 12։00-ից փակեցին մայրաքաղաքի ճանապարհները, ինչպես հորդորել էր «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
Մի քանի տասնյակ ուսանողներ, մեծ մասը` Երևանի պետական համալսարանի ուսանողներ, քայլեր սկսեցին Երևանի կենտրոնով։ Նրան վանկարկում են «միացեք, ազատ անկախ ուսանող»։
Ցուցարարները փակել են Աբովյան փողոցը` Հանրապետության հրապարակի և Ամիրյան փողոցների կողմից։ Փակ է նաև Ամիրյան փողոցը հատող Զաքյան փողոցը։

Նշենք, որ Փաշինյանն այսօր առավոտյան հորդորել էր նորից շրջափակել ճանապարհները։
Հիշեցնենք, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։
Հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը պայքարում էր, որ իշխող ՀՀԿ–ն չառաջադրի վարչապետի իր թեկնածուին։ Ապրիլի 25–ից նրանք կրկին բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են անցկացնում ոչ միայն Երևանում, նաև` ՀՀ այլ քաղաքներում։
Ապրիլի 28–ին ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի իր թեկնածուն չի առաջադրի` երկիրը հետագա ցնցումներից զերծ պահելու համար։
