ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Մոսկվա մեկնած հայ պաշտոնյաների հետ բանակցություններն ուղղված էին հայաստանյան ճգնաժամի սահմանադրական կարգավորման անհրաժեշտության շուրջ, լրագրողներին է ասել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ բանակցություններ են անցկացվել գերատեսչությունների գծով, հեռախոսազրույց է կայացել (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև)։
«Այդ շփումը հիմնականում կենտրոնացած է եղել այն բանի շուրջ, որ Հայաստանում ծագած ճգնաժամային իրավիճակը պետք է շուտափույթ լուծվի, բնականաբար, սահմանադրություն շրջանակում, շահագրգիռ կողմերի միջև կոնսենսուս լինի»,- ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողների հարցին։
Նա նշել է, որ այժմ Մոսկվայում սպասում են Հայաստանի նոր վարչապետի ընտրությանը, որը մայիսի 1-ին կկայանա ԱԺ-ում։

