ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգից առաջ, փորձի ժամանակ ֆրանսիհայ երգիչ Շառլ Ազնավուրի ինքնազգացողությունը վատացել է։ 93-ամյա երգչին շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ՆՏՎ հեռուստաընկերությունը։
Այդ պատճառով այսօր «Օկտյաբրսկի» Մեծ համերգասրահում ծրագրված համերգը չեղյալ են հայտարարել սկսվելուց մեկ ժամ առաջ։ Այս պահին Շառլ Ազնավուրին հետազոտում են բժիշկները։
Ինչպես հաղորդում է Մեծ համերգասրահի պաշտոնական կայքը, համերգը տեղի կունենա 2019թ-ի ապրիլի 9-ին` ելնելով արտիստի առողջական վիճակից։ Տոմսերը հնարավոր է վերադարձնել համերգասրահի դրամարկղեր, իսկ էլեկտրոնային տոմսերը` օպերատորների կայքերի միջոցով։
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։
Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։
Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։
Մայիսի 22-ին նա կդառնա 94 տարեկան։