ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՀՀ բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում։ Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտներ կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ այս պահի դրությամբ ոչ միայն Բագրատաշենի, այլ նաև հանրապետության մյուս բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում»,- նշված է ՊԵԿ–ի հայտարարության մեջ:
Նշենք, որ ապրիլի 25-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Բագրատաշենի մաքսատունը փակվել է:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի երեկոյան չեղյալ հայտարարվեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Ելք» դաշինքնի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեին հետագա անելիքները։ Կարեն Կարապետյանի խոսքով`Փաշինյանի վերջնագիրը նշանակում է, որ ոչ թե երկխոսություն պիտի կայանա, այլ Փաշինյանը ուզում է բացառապես հնչեցնել սեփական տեսակետը` ընդհուպ դիմացի կողմի բանակցողներին որոշելով։
Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։