ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը սխալ է հասկացել մեր դիրքորոշումը, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք` Կարապետյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի վարչապետին պետք է ընտրվել խորհրդարանում, ոչ թե փողոցում։ Նա ասել էր նաև, որ եթե քաղաքական կուսակցությունները համաձայնեն, ապա կարելի է արտահերթ ընտրություն անցկացնել։
«ՀՀԿ-ն ժամանակ է շահում, խորհուրդ կտայի` դա չանել։ Նրանք ուզում են վարչապետ Կարեն Կարապետյանին նշանակել և մտածում են, որ ժողովուրդն այդքան միամիտ է և չի հասկանում, որ նրանք ուզում են մի հանրապետականին փոխարինել մյուսով»,- ասաց Փաշինյանը։
Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։