ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. «Ծառուկյան» դաշինքը երկրի վարչապետ է ուզում տեսնել անձի, ով արհամարհանքով չի նայում ժողովրդի խնդիրներին։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Մենք ուզում ենք, որ իշխանության գա մի մարդ, որն արհամարհանքով չի նայում հասարակության պրոբլեմներին,- ասել է նա,- ամենակարևոր հարցը, երկրի վարչապետի ընտրությունը չէ։ Դուք կարող եք անձ փոխել, բայց երկրի կարգերը չփոխել»։
Նա նաև հայտնեց, որ «Ծառուկյան» խմբակցությունն առայժմ վարչապետի թեկնածու չունի։ «Դուք վարչապետի անձի խնդիրը մի կարևորեք, դուք կարևորեք այն թիմը, որն ապագա վարչապետի հետ պետք է գա»,- լրագրողներին ասաց պատգամավորը։
Նշենք, որ երեկ` ՀՀ վաչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ միանում է համաժողովրդական շարժմանը։
Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։