ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացմանը և մաղթում շուտափույթ կայունացում ու բարեկեցություն եղբայրական հայ ժողովրդին։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Մոսկվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք հուսով ենք, որ բոլոր հակասությունները կլուծվեն բացառապես իրավական դաշտում», — նշել են Ռուսաստանի արտգործնախարարությունում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հայ-ռուսական արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։