ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները հանրահավաքին մասնակցելու համար պատասխանատվության պիտի չենթարկվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։
Նրա խոսքով` տվյալ դեպքում զինծառայողների գործողությունները պետք է որակվեն որպես դիմագրավելու իրավունքով պայմանավորված գործողություն, որն օրենքով պատժելի չէ։
«Իշխանությունն ու հասարակությունը գտնվում են պայմանագրային հարաբերությունների մեջ։ Այսինքն` իշխանությունը ժողովրդի հետ պայմանագիր է կնքել, որ կպաշտպանի սահմանադրական կարգը։ Երբ իշխանությունը չի պահպանում սահմանադրական կարգը և խախտում է քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ծագում է դիմադրության իրավունքը, որը ծայրահեղ անհրաժեշտություն է»,- իրավական եզրույթն այսպես մեկնաբանեց փաստաբանը։
Ըստ նրա` դիմադրության իրավունքն ամրագրված է միջազգային փաստաթղթերում`Հաագայի կոնվենցիայում, Մարդու իրավունքների հռչակագրում։ Հայաստանի օրենսդրության մեջ այդ իրավունքը ևս որոշակիորեն արտացոլված է Քրեական ու Վարչական իրավախախտումների օրենսգրքերում։
«Ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում կատարված գործողությունների համար անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության` ո՛չ քրեական, ո՛չ վարչական»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` հավելելով, որ հակառակ պաշտպանության նախարարության հայտարարության, այդ հարցի պատասխանը բացառապես արդարադատության համակարգի իրավասությունն է։
Փաստաբանի համոզմամբ` դիմադրության իրավունքն է կիրառվել նաև հանրահավաքին մասնակցած քաղաքացիներին ազատելու դեպքերում։
Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները դուրս էին եկել փողոց և միացել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում ընթացող երթին։
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում խստորեն դատապարտել էր ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի զինծառայողների մասնակցությունը հանրահավաքին։ ՊՆ-ն խոստացել էր նրանց նկատմամբ կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության ամենախիստ միջոցները։