ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, երբ ողջ հայությունը հարգանքի տուրք է մատուցում 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ուղերձ է հղել։
Նրա խոսքով` Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ծանրագույն ողբերգություն էր ոչ միայն ցեղասպանությունը վերապրածների, այլև հայ ժողովրդի բոլոր հատվածների համար: Ցեղասպանությունը փոխեց մեր ժողովրդի ճակատագիրը և ստիպեց մեզ բազմաթիվ զրկանքներ ու տառապանքներ տեսնել հետագայում: Մենք, սակայն, մեր դահիճներից ավելի ուժեղ գտնվեցինք և մեր մեջ ուժ գտանք վերածնվելու, անկախ պետություն ստեղծելու և ինքնուրույն տնօրինելու մեր ճակատագիրը:
«Այսօր մեր նորագույն պատմության հերթական դժվարին փուլն ենք անցնում: Երեկ ես կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին ապաքաղաքականացնել այս օրը: Ես շնորհակալ եմ, որ այդ կոչն ընդունվեց, և այսօր մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ չնայած առկա դժվարություններին ու չլուծված ներքին խնդիրներին, միասնական ենք և համախմբված: Սա մեր պարտք է նաև անմեղ նահատակների առջև»,- նշել է Կարապետյանը:
Նրա խոսքով` մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ կերտելու ամուր պետականություն, ազատ ու քաղաքակիրթ հասարակություն, և ոչինչ չի կարող մեզ շեղել մեր երազած երկիրը կառուցելու ճանապարհից։