Սահմանադրական դատարանի համար նշանակություն չունի` երկրում ինչ իշխանություն է։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
Որպես Սահմանադրության համահեղինակ` Հրայր Թովմասյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք ստեղծված իրավիճակը նաև նոր Սահմանադրության հետևանք չէր։
«Սահմանադրությունը ներկայացրել է ՀՀ նախագահը, ընդունվել է ժողովրդի կողմից։ Իսկ գրել է հանձնաժողովը»,- ասաց Թովմասյանը։
Իր պաշտոնավարման ու իշխանափոխության մասին հարցերին Թովմասյանը հրաժարվեց մեկնաբանել` նշելով միայն, որ ցանկացած իշխանափոխության պարագայում երկրի Սահմանադրական դատարանը շարունակում է աշխատել։
Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։


