ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը եղել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում, որտեղ տեսակցել են այսօր բողոքի երթի ժամանակ ձերբակալված ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին:
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ նրանց հետ ամեն ինչ կարգին է:
«Տեսակցեցինք Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, իրենց հետ ամեն ինչ կարգին է, կատարվում է քննչական գործողություն: Այս կապակցությամբ հանդես կգանք հայտարարությամբ»,- գրել է Մանե Թանդիլյանը:
Ըստ նրա՝ Արարատ Միրզոյանը փոխանցել է, որ իր տրամադրությունը բարձր է և ամեն ինչ կարգին է:
ԱԺ պատգամավորներին ոստիկանները բերման էին ենթակել Էրեբունի վարչական շրջանի Ացախի փողոցում բողոքի երթի ժամանակ: Նանցից բացի, բերման էին ենթարկել նաև Նիկոլ Փաշինյանին, որի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ:
Մինչդեռ ոստիկանությունը հրապարակել էր, որ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին տարել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք: Ավելի ուշ տեղեկացրել էին, որ երկու պատգամավորներին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին ձերբակալել են՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով: