ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Երևանում ընթացող հավաքների ղեկավարներին բերման ենթարկելուց և մեկուսացնելուց հետո շարունակվող ինքնաբուխ ակցիաների ղեկավարությունը ստանձնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
Նա հայտարարեց, որ երթ կիրականացվի Երևանի կենտրոնական փողոցներում: Երթին են միացել Երևանի Գրիգոր Լուսավորիչ, Խանջյան փողոցներում, Մաշտոցի պողոտայում և Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիները:
Բազմամարդ՝ մի քանի հազարանոց երթն այս պահին երկկողմանի փակել է Խանջյան փողոցը: Անհնազանդության ակցիայի մասնակիցներն ավտոմեքենաներով փակել են նաև Խանջյանից դեպի Ագաթանգեղոս փողոց տանող ստորգետնյա ավտոճանապարհը:
Երթը շարժվում է դեպի Խանջյան-Սայաթ Նովա խաչմերուկ: