ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. 6-րդ զանգվածի «Նոր տուն» խանութի մոտ սկսված հավաքը դադարեցված է։ Այս մասին հայտարարեց Նոր Նորքում հավաք անցկացնող Նիկոլ Փաշինյանը` ի պատասխան հավաքները դադարեցնելու` ոստիկանության պահանջի։
«Սիրելի ոստիկաններ, ձեր պահանջը մենք կատարեցինք։ Հիմա «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով մենք հրավիրում ենք նոր` շտապ հավաք արձագանքելու համար այն ապօրինություններին, որոնք Հայաստանում տեղի են ունենում ակտիվիստների նկատմամբ»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև մեջբերեց օրենքի հիշյալ դրույթը, որտեղ ասվում է, որ, եթե հավաքն ունի փաստացի կազմակերպիչ, ապա նա պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել հավաքի կազմակերպման վայրի ոստիկանության ստորաբաժանմանը։
Փաշինյանը բջջային հեռախոսով տեղում զանգեց Նոր Նորքի ոստիկանություն և բաժանմունքի հերթապահ ոստիկանին և իրազեկեց նախատեսվող հավաքի մասին։
«Ես շտապ հավաք եմ կազմակերպում Նոր Նորքի 5-րդ զանգվածի «Տիտան» խանութի մոտ, որտեղից երթով շարժվելու ենք Նոր Նորքի կենտրոնական փողոցով, Պաշտպանության նախարարության մոտով մտնելու ենք Ավան, մինչև «Հարսնաքար» ռեստորանային համալիրի խաչմերուկ»,- հեռախոսով ասաց Փաշինյանը։
Ոստիկանությունն ի գիտություն ընդունեց հավաքի մասին տեղեկությունը, ինչից հետո Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը համաձայնեց ապահովել երթի անվտանգությունը։
Երթը Նոր Նորքից Ավան վարչական համայնք մեկնարկեց։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ այս պահին Նոր Նորքում մեծ թվով ոստիկանության նոր ուժեր են կուտակվում։
Մինչ այդ ոստիկանությունը հայտարարել էր, որ հավաքն անօրինական է, քանի որ դրա կազմակերպիչները«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջով պատշաճ իրազեկում չեն ներկայացրել պատկան կառույցներին։