ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. ՊՆ-ն հորդորում է զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին զերծ մնալ ՀՀ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ինչպես նան ՊՆ համարանիշներով մեքենաների շարժը խոչընդոտելուց: Այս մասին նշված է գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ։
ՊՆ-ից հայտնում են, որ նախարարությունն ու զինված ուժերի գլխավոր շտաբը մարտական հերթապահության իրականացման և զորքերի ծառայության ապահովման բնականոն աշխատանքի համար շաբաթվա յոթ օրը և օրվա ցանկացած ժամի իրականացնում է մշտական միջոցառումներ:
Այդ աշխատանքները պետք է լինեն լիարժեք և որևէ բան չի կարող խոչընդոտել դրանց իրականացմանը:
Ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։
Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։ Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։