ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն առայժմ չի կարող գալ Հայաստան։ Այս մասին նա հայտնել է տեսաուղերձում։
«Ես շատ կուզեի ձեզ միանալ Երևանում կամ այլ քաղաքներում, քանզի սիրտս և միտքս ամբողջովին ձեզ հետ է։ Մինչև հիմա չեմ կարողացել այլ պատճառներով, բայց հուսամ` առաջիկայում կկարողանամ»,- նշել է երգիչը։
Թանկյանը մի քանի խորհուրդ է տվել Հայաստանում անցկացվող ցույցերի մասակիցներին։ Նա առաջարկել է հեռու մնալ «գունավոր հեղափոխություն» արտահայտությունից, «քանզի այն ընդհանրացվում է Արևելք/Արևմուտք առճակատման հետ», երգիչը խորհուրդ է տվել պահանջները կոնկրետացնել և խուսափել սադրիչների թակարդներից։
«Շարունակեք լինել ճկուն, արդար, անկեղծ և սիրող, շարունակեք ոստիկանության հետ վարվել եղբայրների և քույրերի պես, քանի որ նրանք այդիսին են իրականում։ 2015-ին «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ընթացքում ես այնքան ոգեշնչված էի, որ գրեցի «Էլեկտրիկ Երևան» երգը: Այժմ ես ձեզ համար կկատարեմ մի փոքրիկ հատված երգի ցուցադրական տարբերակից»,- նշել է նա։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Թանկյանը Հայաստան է ժամանելու ապրիլի 22-ի առավոտյան։