ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Նոր ձևավորվող կառավարությունը բաժանել է ֆունկցիաները։ Տնտեսությունը մնացել է Կարեն Կարապետյանի պատասխանատվության ներքո։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարություն տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունը։
«Ես պատասխանատու եմ լինելու տնտեսական բլոկի և տարածքային կառավարման համար: Համապատասխանաբար, աշխատակազմի մեջ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարում, ճշգրտում ենք վարչությունների խնդիրներն ու գործառույթները, և շատ ամուր, շատ հասցեական պետք է աշխատենք»,- ասել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը` կառավարության տնտեսական բլոկը համակարգող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ:
Կարապետյանը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է թարմացնել իրենց ոլորտներում առկա ծրագրերը։
«Ամեն մեկն իր մասով վերանայում է, ռեստարտ է անում այս տարվա պլանը: Երեք ամսվա տվյալներով, որոնք կհրապարակվեն շուտով, բավականին լավ թափ ենք հավաքել և պետք է այդպես շարունակենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նոր կառավարության կազմը դեռ ամբողջական չէ, այս պահին վերանշանակվել են 5 նախարարներ` պաշտպանության, տարածքային կառավարման և զարգացման, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, արտաքին գործերի։
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանն ու Արմեն Գևորգյանը` փոխվարչապետներ։

