ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. «Սինոփսիս Արմենիան» հարգում է իր աշխատակիցների իրավունքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով ընկերության աշխատակիցների` բողոքի ակցիաներին միանալու մասին տեղեկություններին, ասաց ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Մարկոսյանը։
«Մենք հարգում ենք մեր աշխատակիցների` քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու իրավունքը, բայց նրանք ընկերության անունից հանդես չեն գալիս»,-ասաց նա։
Այս պահին ընկերության աշխատակիցները մի խումբ ցուցարարների հետ փակել են ընկերության գրասենյակին կից Արշակունյաց պողոտայի երթևեկելի հատվածը։
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը, որը նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության աշխատակից է, լրագրողների հարցին ի պատասխան հայտնեց, որ իրենք դուրս են եկել փողոց, որպեսզի ապահովեն քաղաքացիների անվտանգությունը։ «Դուրս ենք եկել, որ բռնություն չլինի»,- ասաց նա` չհստակեցնելով` միացել են ակցիաներին, թե ոչ։
«Սինոփսիս» ընկերությունը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերություններից է, Հայաստանում գործունեությունը սկսել է 2004 թ.-ից։
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման և կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում:
Ընկերությունն այսօր 700 աշխատակից ունի։