ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Վենետիկի Մեստրե արվարձանի խաղամոլ քահանան խաղատանը 500 հազար եվրո է պարտվել, հայտնում են իտալական ԶԼՄ–ները։
Նա դատարանի առջև է կանգնել, նրան մեղադրում են իր նախկին ծխական համայնքի հաշվից գումար գողանալու մեջ։
2016 թվականի հոկտեմբերին դոն Ֆլավիո Գոբոն հավաքեց ճամպրուկն ու լքեց եկեղեցին` հավատացյալներին նամակ թողնելով։ Նամակում նա խոսում է հոգնածության և հանգստանալու ցանկության մասին։ Որոշ ժամանակ անց հայտնաբերվել է, որ նամակից բացի Գոբոն իր նախկին ծխական համայնքի վզին նաև 500 հազար եվրո պարտք է թողել։
Սկզբում նա սեփական միջոցներն է պարտվել, այնուհետև` ծխական համայնքինը։
Հետաքննության սկզբում Գոբոն, որին հեռացրել էին ծառայությունից, խոստովանել էր, որ խաղամոլ է և զղջում է կատարվածի համար` մանրամասն պատմելով քննիչներին, թե որտեղ և երբ է պարտվել ուրիշի գումարները։
Անցյալ շաբաթ դատարանը քահանային դատապարտել է երկու տարվա պայմանական ազատազրկման, նա պետք է փոխհատուցի ողջ վնասը։