ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Առավոտից մայրաքաղաքում շարունակվող ապօրինի հավաքների կազմակերպիչներն իրենց ակնհայտորեն քողարկված «խաղաղ» կոչերով, սակայն ակնառու սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների՝ կոպտորեն խոչընդոտելով քաղաքացիների, հանրային ծառայողների, երթևեկության մասնակիցների իրավունքների և ազատությունների իրացմանը: Այս մասին հայտարարում է Հայաստանի ոստիկանությունը։
Ինչպես նշված է հայտարարության մեջ, կազմակերպիչները հավաքի մասնակիցներին ուղղորդում են նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված՝ շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը չխոչընդոտելու վերջիններիս պարտավորության ակնհայտ խախտման, որպիսի գործողություններն առանձին դեպքերում զուգորդվում են նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ:
«Նշված, ինչպես նաև հավաքի իրականացման նախորդ օրերին հավաքի կազմակերպիչների, առանձին մասնակիցների վարքագծի պարզ դիտարկումն ակնհայտորեն վկայում է վերջիններիս գործողությունների սադրիչ բնույթը, ովքեր ակնհայտորեն նպատակ ունեն բախումներ հրահրել քաղաքացիների և իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների միջև»,- նշում է ոստիկանությունը:
Ըստ հայտարարության` այդպիսի վարքագծով աչքի ընկած կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը, Շահեն Հարությունյանը, Դավիթ Պետրոսյանը, Վահան Կոստանյանը և մի խումբ մասնակիցներ պետք է հստակ գիտակցեն իրենց գործողությունների բոլոր հետևանքների պատասխանատվությունը:
Ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։
Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։
Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։