ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հույս ունի, որ Հայաստանի հավաքականի ավագ, «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկու շաբաթից կկարողանա դաշտ վերադառնալ։ Այս մասին հայտնում է Brinkwire տեղեկատվական հարթակը։
Այսպիսով` հայ ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել առաջիկայում կայանալիք Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ փուլին։
««Արսենալի» կազմում հայտնվելուց անմիջապես հետո Մխիթարյանն առանձնացավ ու դարձավ Վենգերի առանցքային խաղացողներից մեկը», — նշվում է հաղորդագրության մեջ։
Վեգները նաև ասել է, որ Մխիթարյանն ինքը ցանկանում է հնարավորինս շուտ ապաքինվել, ինչը օգնում է մարզիկին վերականգնել ուժերը։
Մարզիկը վնասվածք է ստացել մոսկովյան «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբի հետ խաղում ապրիլի 5-ին։ Ծնկի հարված ստանալուց ու ընկնելուց հետո Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի խաղի 61-րդ րոպեին կիսապաշտպանը խնդրեց փոխարինել իրեն։