ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Այսօր ժամը 15։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը Երևանի ոստիկանության տարբեր բաժանմունքներում հասել է 87-ի։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը։
Նրա խոսքով` բերման ենթարկվածներից 20-ն անչափահասներ են։
87 բերման ենթարկվածներից 33-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ` հասարակական կարգը խախտելու հիմքով։ Եվս 54 անձի մասով ոստիկանները դեռ ստուգում են զանգվածային անկարգություններին մասնակցելու իրողությունը։
Նշենք, որ հասարակական կարգը խախտելու համար Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է 50 000 դրամ տուգանք։
Երեկ` ապրիլի 17-ին, Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։
Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը երեկ` ապրիլի 17-ին, վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։
Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։