ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Սրբուհի Սարգսյանն անցել է «Ձայնը» շոուի ուկրաինական տարբերակի կիսաեզրափակիչ` փայլուն կատարելով Dua Lipa-ի «New rules» հիթը։
Տաղանդավոր երգչուհու կատարումը գնահատել է ինչպես հանդիսատեսը, այնպես էլ ժյուրին, որը գովաբանել է Սրբուհու արտիստականությունն ու վոկալային տվյալները։
«Պոտապ, ի՞նչ ես արել այդ համեստ հայ աղջկա հետ», — կատակել է Ջամալան` ակնարկելով Սրբուհու աշխույժ ելույթը. նա աշխույժ վազել է բեմում և պարային շարժումներ արել։
Էստրադային երգչուհի Թինա Քարոլը չի թաքցրել հիացմունքը՝ հայտարարելով, որ շատ է հարգում Սրբուհուն և նրան ուժեղ մասնակից է համարում։
«Դու «Ձայնի» բացահայտումն ես։ Հիանալի ես երգում վերևի նոտաները, դա քեզ տրված է բնությունից։ Հավանաբար դու ինքդ չես գիտակցում, թե որքան եռանդ ու տաղանդ ունես։ Ես միանում եմ հայ համայնքին և քեզ համար sms կուղարկեմ», — ասել է նա։
Իսկ ահա ծագող աստղի ուսուցիչը` Պոտապը, նշել է, որ նա բեմում արել է այն, ինչ չի ցուցադրել փորձերի ժամանակ։
«Գիտես, թե որքան ուժ, էներգիա ունես, ինչպիսի գեղեցիկ կանացի էներգիա։ Ես հավատացի քո յուրաքանչյուրի բառին։ Սա աղջկա երգ է, որը ցանկանում է լուծել իր խնդիրները։ Կատարումը շլացուցիչ է», — վստահեցրել է երաժիշտը։
Պոտապը նշել է, որ Սրբուհին լցրել է ամբողջ դահլիճը ոչ միայն իր ձայնով, այլ նաև խարիզմայով և էներգիայով։