ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՖՐանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակից բարձրանալ Ազգային ժողով` իր աշխատավայր։
«Իմ աշխատավայրն Ազգային ժողովն է։ Դուք եք տվել ինձ այդ աշխատավայրը։ Եվ մենք հիմա բոլորս միասին գնալու ենք իմ աշխատավայր»,- ասաց Փաշինյանը։
Բայց մինչ ցուցարարներին առաջնորդելը, նա նախ առաջարկեց ծափահարություններով ողջունել Բաղրամյան պողոտան փակած ոստիկաններին, ապա ձեռքերը վեր բարձրացնելով ցույց տալ, որ իրենք զինված չեն, իրենց ձեռքերում ոչինչ չկա։
«Եթե որևէ մեկը կհարվածի որևէ ոստիկանի, տեղում չեզոքացրեք նրան, նա սադրիչ է»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ ոստիկանների հնարավոր հարվածներին իրենք միայն ժպիտով են պատասխանելու։
Փաշինյանը ներողություն խնդրեց ոստիկաններից ու նրանց ընտանիքների անդամներից` իրենց ակցիայի պատճառով անհարմարություններ կրելու և հնարավոր է` օրերով տուն չգնալու համար։
Նշենք, որ ոստիկանության ուժերը կենտրոնացած են Բաղրամյան Պողոտայի` Սահմանադրական դատարանին հարող հատվածում։ Այստեղից սկսած փողոցը փակ է։