ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Սիրիական հակաօդային ուժերը հետ են մղում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի հրթիռային զարկերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սիրիայի կառավարական աղբյուրներին։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի տարածքում 30 հրթիռ են արձակել, որոնցից 13-ը Սիրիայի զինված ուժերը խոցել են:
ԱՄՆ նախագահ Թրամփը հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով: Թրամփը նշել է, որ ռազմական գործողություններին կմասնակցեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հարվածներ կհասցվեն Սիրիայի քիմիական զենքի ստեղծման օբյեկտների վրա: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնպես հաստատել է, որ հրահանգել է բրիտանական զինված ուժերին ռմբակոծել Սիրիան:
Հրթիռակոծությունները սկսվել են ճիշտ այն պահին, երբ Թրամփն ուղերձով դիմում էր իր ժողովրդին: Ելիսեյան պալատը տեսանյութ է հրապարակել, որում երևում են հրթիռներ արձակած օդանավերը։
Décollage, cette nuit, des forces armées françaises qui interviennent contre l’arsenal chimique clandestin du régime syrien. Déclaration du Président de la République @EmmanuelMacron: https://t.co/HNSK0FmZIO pic.twitter.com/DEAW7R50aC
— Élysée (@Elysee) 14 апреля 2018 г.
ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը ճեպազրույցում նշել է, որ հարվածները հասցնել են երեք թիրախի, որոնք կապ ունեն քիմիական զենք արտադրելու ծրագրի հետ:
ԱՄՆ-ի առաջին հարվածը եղել է հետազոտական կենտրոնի ուղղությամբ, երկրորդը, ինչպես հայտարարում է ԱՄՆ-ն, քիմիական զենքի պահեստի ուղղությամբ։
Սիրիայի ուղղությամբ սկսել են հարվածներ հասցնել Վաշինգտոնի ժամանակով 21.00-ին:
Նշենք, որ ավելի վաղ Արևմուտքը Դամասկոսին մեղադրել էր սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու համար։ Մոսկվան հերքել էր սիրիական զինվորականներին վերագրած մեղադրանքը։ ԱՄՆ-ն խոստացել էր մտածել սիրիական Դումայում իրականացված քիմիական հարձակմանը պատասխան հարված հասցնելու մասին։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր հերթին կոչ էր արել ԱՄՆ-ին ռազմական արկածախնդրության չգնալ Սիրիայում։