ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Սիրիահայերի արտագաղթի ծավալները Հայաստանից Կանադա կտրուկ աճելուց հետո նույնքան կտրուկ նվազել է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը։
«Հայաստանից Կանադա գնալ ցանկացող սիրիահայերի թիվը զգալիորեն նվազել է։ Նրանք համեմատել են մեր կառավարության ու Կանադայի կառավարության առաջարկած պայմանները, որից հետո էլ չեն ձգտում այնտեղ տեղափոխվել», — ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` սիրիահայերի ներհոսքը Հայաստան չի դադարել։ Ամեն ամիս 15-20 մարդ է գալիս։ Հակոբյանը պարզաբանեց` նրանք հասկանում են, որ իրենց տունը Հայաստանն է, իսկ կառավարությունը փորձում է օգնել նրանց ինտեգրվելու հարցում։
«Շատ ընտանիքներ նշում են, որ երեխաներն արդեն հայերեն են խոսում։ Նրանցից շատերը Հայաստանում են ծնվել, մեր դպրոցներում ու համալսարաններում են սովորում ու չեն պատրաստվում մեկնել։ Նրանք ասում են, որ Հայաստանն իրենց հայրենիքն է», — ասաց Հակոբյանը։
Սիրիահայերը կենտրոնացել են ընտանեկան բիզնեսի զարգացման վրա։ Նրանք նախընտրում են աշխատանքի ընդունել իրենց նման սիրիահայերի։ Այսօր նրանք փորձում են զարգացնել իրենց բիզնեսը տեքստիլի արտադրության ու սննդի արդյունաբերության ոլորտում, ոսկերչությունում, ծառայությունների մատուցման ոլորտում և այլն։
2012 թվականի օգոստոսից — 2018 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում Հայաստան է եկել 23 հազար սիրիահայ, որոնցից 20 հազարը հիմնվել են այստեղ։
Սիրիայում հակամարտությունից առաջ Հալեպում մոտ 60 հազար սիրիահայ էր ապրում։ Սիրիայի հայկական համայնքը աշխարհի ամենահզորներից էր համարվում։ Այնտեղ մոտ 110 հազար մարդ կար։
Սիրիական ճգնաժամը սկսվելուց հետո տարբեր գնահատականներով ավելի քան 90 հազար հայ լքել են երկիրը։