ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Մարզիկ Սերգեյ Ազարյանը, որը Ռուսաստանում ցանցացատկ (բատուտ) մարզաձևում զբաղեցրել է առաջին տեղը, կմեկնի Եվրոպայի առաջնության, որն ապրիլի 12-15-ը կանցկացվի Բաքվում։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի ցանցացատկի ֆեդերացիան։
Սերգեյը Ռուսաստանը ներկայացնում է երկու մրցաձևում` ցանցացատկ և սինխրոն ցանցացատկ։
Ազարյանը ելույթ կունենա ռուս մարզիկ Միխայիլ Մելնիկի հետ։
Ավելի վաղ վորոնեժցի մարզիկը դարձել է Ռուսաստանի ցանցացատկի չեմպիոն։
Նշենք, որ հայկական ծագում ունեցող մարդիկ, նույնիսկ եթե նրանք երրորդ երկրների քաղաքացիներ են, դժվարությունների են բախվում Ադրբեջան այցելելիս։ Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հայկական ազգանուններով մարդիկ կամ անձինք, որոնց «կասկածել» են հայ լինելու մեջ, արտաքսել են երկրից, արգելել են մուտք գործել Ադրբեջան կամ ընդհանրապես բանտ են նստեցրել մտացածին պատրվակներով։
2017թ-ի հուլիսին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում «ստիպված են եղել փաստել, որ Ադրբեջան ժամանած ռուսաստանցի քաղաքացիների հանդեպ խտրականություն են ցուցաբերում ըստ էթնիկ սկզբունքի»։ Սկանդալ է ծագել հայկական ազգանուններով ռուսաստանցիներին վիզա տրամադրելու մերժման ֆոնին։