Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան
Իրականում ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի պահվածքը (ինչպես նաև ամբողջ Արևմուտքի) ի սկզբանե հաշվարկված է լինում րոպեներով, և դերերը բաժանվում են նիստից շատ առաջ։ Ամերիկացիներին պետք չէր ընդունել ո՛չ այս, ո՛չ այն բանաձևը։
Ինչպես իր ելույթում դիպուկ նշեց ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, ԱՄՆ-ն նախօրոք էր որոշել Սիրիայի Դումա քաղաքում կատարվածի մեղավորին (ավելի հավանական է, որ ոչինչ էլ չի կատարվել, և դա եղել է իրենց ֆեյքային նորություններով լայնորեն հայտնի «Սպիտակ սաղավարտների» կեղծիքը)։ ԱՄՆ-ն որոշել էր դեռ մինչ այն, երբ Դումայում քիմիական զենք կիրառելու մասին տեղեկությունը հրապարակվեց։ Եվ, իհարկե, այդ մեղավորն ամերիկացիների համար անցանկալի Բաշար Ասադան է` Սիրիայի նախագահը։
Երբ ԱԽ-ն արագ լուծեց վաղուց գրված սցենարի հարցը (տապալելով երկու բանաձևերը), Նեբենզյան սեղանին դրեց գլխավոր խաղաքարտը։
Դա սիրիական ճգնաժամի վերաբերյալ ևս մեկ բանաձևի տարբերակ էր, որում խոսվում էր միայն այն մասին, որ անհրաժեշտ է դատապարտել Սիրիայում թունավոր նյութերը որպես զենք կիրառելու ցանկացած փորձ։ ՄԱԿ-ի ԱԽ անդամներին առաջարկեցին աջակցել արգելված քիմիական զենքի հարցով կազմակերպության մասնագետների խմբին Դումա ուղարկելու նախաձեռնությունը։
Իրականում դժվար է թեկուզ ինչ-որ գերբնական բան գտնել ՄԱԿ ԱԽ բանաձևի նման տարբերակում, առավել ևս, որ արգելված քիմիական զենքի հարցով կազմակերպության մասնագետների խումբը գլխավոր քարտուղարի համաձայնությամբ, ըստ էության, արդեն ճանապարհին է։ Չէ՞ որ նիստում գրեթե բոլոր ելույթ ունեցածները խոսեցին այն մասին, որ անհրաժեշտ է իմանալ սիրիական քաղաքում տեղի ունեցածի մանրամասները։
Ամեն դեպքում անհրաժեշտ է պարզել, թե իրականում ով է նախաձեռնել խաղաղ բնակչության դեմ թունավոր կամ խեղդող միջոցների կիրառումը։ Թեկուզ նրա համար, որ իմանան` ում է պետք պատժել։
Լակմուսի թուղթ ԱՄՆ-ի համար
Եվ այստեղ քվեարկությունը (թվով երրորդը) դարձավ այն լակմուսի թուղթը, որը բացահայտեց ամերիկացիների և նրանց կողմնակիցներին` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և մյուսների իրական նպատակները։
Որովհետև, ինչպես ասում են, չես կարող դեմ գնալ տարրական տրամաբանությանը։ Իսկ այն թելադրում է, որ իսկապես սկզբից պետք է պարզել, թե իրականում ով է կիրառել քիմիական զենք, հետո էլ ընդհանրապես կիրառվե՞լ է արդյոք։ Չէ՞ որ այդ օրը տարածվել են Դումայի հիվանդանոցի կադրեր, որը գտնվում է գրոհայինների վերահսկողության գոտում, որն իբր ենթարկվել էր քիմիական հարձակման։ Հարձակման ոչ մի հետքեր չեն եղել, գրոհայիններն այդ մասին անգամ չեն լսել։
Իսկ երկրների նպատակը, որոնք տապալեցին նաև երկրորդ, բավականին պարզ ռուսական բանաձևը, լիովին դրսևորվեց։ Նրանք իսկապես հետաքննության կարիք չունեն։ Պարզվում է` նրանք «բանջարանոցը» չեն ցանկապատել, որպեսզի մասնագետներին թույլ տան օբյեկտիվ հետաքննություն անցկացնել։
Իսկ եթե հանկարծ պարզվի, որ այդ «սպիտակ սաղավարտները» այս անգամ էլ են վրիպել և քիմիական զենքի հետ կապված խաբեությունը կարճ ժամանակում կբացահայտվի՞։ Չէ որ «սպիտակ սաղավարտները» վաղուց են սարսափելի կադրերի և տեսարանների բեմադրիչների վատ համբավ ձեռք բերել ։ Երևում է, որ գրոհային-ահաբեկիչների շարքում նորմալ ռեժիսորներ չկան… Բայց խոսքը հիմա դրա մասին չէ։
Խոսքն այն մասին է, որ սադրիչ ծրագիրը, որը կոչված է արդարացնել ամերիկացիների և նրանց կողմնակիցների ռազմական հարվածը` ուղղված Սիրիայի դեմ, բոլորովին չի ենթադրում իրական, նույն ՄԱԿ-ի նորմերի շրջանակում ընդունված հետաքննություններ։ Առիթ է պետք հարվածելու համար։
…Իզուր չէ, որ, չսպասելով առաջարկված բանաձևերից որևէ մեկի ընդունմանը, չնայելով համաշխարհային հանրության արձագանքին, ԱՄՆ-ն արդեն Միջերկրական ծովում իր ականակիրները մոտեցրել է սիրիական ափերին։ Բացի այդ ռազմածովային ուժերի իրենց հարվածային խումբը` «Հարի Թրումեն» ավիակրի ղեկավարությամբ, Նորֆոլկից ուղարկել են Մերձավոր Արևելք։ Իսկ հակասուզանավային Boeing P-8A Poseidon ինքնաթիռն արդեն մի քանի օր է` պահակություն է անում Սիրիայի ափերի մոտ։
Մի խոսքով, ՄԱԿ-ի ԱԽ նիստը, ինչպես և սպասվում էր, արդյունքում ձախողվեց, և գերտերություններն իրենց դիրքորոշումներում շփման ոչ մի եզրեր չգտան։ Աշխարհն ավելի մոտեցավ Ռուսաստանի և ԱՄՆ-ի անմիջական բախման սպառնալիքին և, հետևաբար, մոտեցավ գլոբալ աղետի, ինչի կարող է վերածվել նման դիմակայությունը։
Կգնա՞ արդյոք Թրամփը դրան։ Հույս կա, որ ամերիկացիները ձևացնում են, և Ասադի կողմից քիմիական զենք կիրառելու ամբողջ սադրանքը ընդամենը ռուսների վրա ճնշում գործադրելու միջոց է քաղաքական առճակատման դաշտում։
Հնարավոր է` Թրամփն իսկապես պատրաստ է ոչ մեծ մարտական բախում կազմակերպել (Սիրիայի կամ Մերձավոր Արևելքի մասշտաբով), այսպես կոչված «պատերազմիկ»։ Եվ դա պատրվակ կլինի սիրիական տարածքից զորքերը չհեռացնելու համար, քանի որ հակառակ դեպքում ԱՄՆ-ն կընդունի, որ իր քաղաքականությունը ձախողվել է Մերձավոր Արևելքում։
Չխոսենք այն մասին, որ ստիպված կլինեն Ասադին վերադարձնել Եփրատի ափերին գտնվող նավթային դաշտերը, որտեղ արևմտյան հակաահաբեկչական կոալիցիան հաստատվել է այնպես, ասես տանը լինի, թեև նրան ոչ ոք չի կանչել Սիրիա` ի տարբերություն Ռուսաստանի։
Սակայն նման խաղը բավականին վտանգավոր է։ Չէ՞ որ վաղուց արդեն 2003թ-ը չէ, երբ կարելի էր անպատժելիորեն Անվտանգության խորհրդում թափահարել սրվակը և դրա հիման վրա հարձակվել Իրաքի վրա։ Եվ առավել ևս 1999թ-ը չէ, երբ կարելի էր հենց այնպես ռմբակոծել Հարավսլավիան։ Ռուսաստանն էլ վաղուց արդեն նույնը չէ։