ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է սահմանափակել կարաոկեների, դիսկոտեկների, սթրիփ ակումբների, բաղնիքների ու շոգեբաղնիքների գործունեությունը։ Կառավարության ընդունած «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր ԱԺ-ին ներկայացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:
«Կարգավորման և սահմանափակման ենթակա օբյեկտները հետևյալն են՝ կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք,- ասաց փոխնախարարը,- այդպիսի օբյեկտների տեղակայումը կսահմանափակվի բնակելի շենքերի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում»:
Թվարկված օբյեկտների գործունեության թույլտվություններն օրենքի ընդունումից հետո Երևան քաղաքում կտրամադրի Երևանի քաղաքապետը, մարզերում` համայնքների ղեկավարները։
Սահմանված կարգը խախտելու համար օբյեկտները կտուգանվեն` առաջին անգամ` 300-500 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ 1-1,3 մլն դրամով։
Նշված գործունեության համար կսահմանվեն լռության ժամեր քաղաքացիների երեկոյան հանգիստը չխանգարելու համար։ Իսկ թե որ ժամից հետո պետք է լռություն պահպանվի, կախված կլինի դրանց տեղակայումից։ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ սահմանված է 3 տարբերակ` երեկոյան 22։00-ից մինչև առավոտյան 7։00-ն, 23։00-7։00 և 24։00-7.00-ն:
Լռության պահանջը խախտելու առաջին դեպքում կկիրառվի 200-300 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ 1 մլն դրամ տուգանք:
Օրենքն ԱԺ-ի հավանությանն արժանանալու դեպքում իրավական ուժ կստանա 1 տարի հետո, որպեսզի գործող օբյեկտները հնարավորություն ունենան տեղափոխվելու այլ վայրեր, հայտնեց փոխնախարարը։