ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Կառավարության հրաժարականից ու վարչապետի փոփոխությունից հետո որոշ նախարարներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին: Գրում է «Ժամանակ» օրաթերթը և հայտնում, որ ըստ շրջանառվող լուրերի`հեռացողների մեջ են առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի, էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանի անունները:
«Մեզ հասած տեղեկություններով՝ գնացող նախարարների թվում է նաև բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Այս ամիսներին նրա պաշտոնավարումից դժգոհություններ կան, նա ոլորտին չի տիրապետում»,–գրում է թերթն ու հավելում, որ, ըստ նախարարությունում շրջանառվող լուրերի՝ նախարարի պաշտոնը դարձյալ կարող է վերադառնալ Արամայիս Գրիգորյանին, թեև այդ պորտֆելը պատկանում է կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ին, իսկ Արամայիս Գրիգորյանը ՀՀԿ անդամ է։
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով էլ առաջիկայում կազմավորվող կառավարությունում լուրջ փոփոխություններ առայժմ չեն լինի։ Ըստ թերթի` Սերժ Սարգսյանը դրանք պլանավորել է իրականացնել տարեվերջին։
«Միայն նշանակվելու են փոխվարչապետներ, ընդ որում՝ առաջին փոխվարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը: Իսկ նախարարները շարունակելու են պահպանել իրենց պորտֆելները»,– գրում է թերթը։
Թերթի տեղեկություններով` առաջիկայում պաշտոնից կզրկվի միայն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ով դեռ տարեսկզբին հրաժարական էր ներկայացրել, բայց հետո հետ էր վերցրել այն: