ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսության արդյունքն է: Այսօր ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որն ունի ԵՄ-ի հետ նման համաձայնագիր: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և իշխող ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կոալիցիոն ուժերի հետ, իրականացրել է արտաքին պետական քաղաքականություն, որն սպասարկում է բացառապես ՀՀ պետական շահը», — ասաց նա
Շարմազանովն ավելացրեց, որ համաձայնագրի վավերացումով Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն տեղի չի ունենում:
«Հայաստանը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ, Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է, և հարաբերությունների մակարդակը այս կառույցներում ու ՌԴ-ի հետ դաշնակցային են: ԵՄ-ի հետ մենք ունենք գործընկերային հարաբերություններ, և նոնսենս է քաղաքական կուրսի փոփոխության մասին խոսելը: Հայաստանը շարունակելու է խորացնել իր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ, միաժամանակ խորացնելով իր գործընկերային հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովը հայտարարեց նաև, որ համաձայնագրով ստանձնած ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում շարունակվելու են և անշրջելի են:
«Այս համաձայնագրով ֆիքսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 5 հայտարարություններում կիրառված բառապաշարը։ Այսինքն` մենք այս համաձայնագրով օրենքի ուժ ենք տալու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Այլևս որևէ մեկը չի կարող խախտել այն դրույթը, որն օրենքի ուժ ունի տվյալ երկրում»,-ասաց Շարմազանովը:
Այդուհանդերձ, ԱԺ ընդդիմությունը նույնքան լավատես չէ:
«Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն իր ելույթում փաստեց, որ Հայաստանում մինչ օրս հնչած ոչ բոլոր խոստումներն են կյանքի կոչվել, ուստի ՀՀ հասարակությունը լիարժեք վստահություն չի տածում նաև այս համաձայնագրում նշված ծրագրերի իրականացման նկատմամբ:
«Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ մտավախություն հայտնեց, որ համաձայնագրի կիրարկումը նոր, ավելի լայն դուռ կբացի Հայաստանի արտագաղթողների դիմաց:
«Գաղտնիք չէ, որ ԵՄ մեր մի քանի գործընկեր երկրներ լուրջ մտահոգություն ունեն, որ ազատականացման դեպքում կկրկնվի Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի պատմությունը. տասնյակ հազարավոր քաղաքացիների օգտվելով այս ռեժիմից` խախտել են անհրաժեշտ սահմանը և չեն վերադարձել իրենց երկրներ»,- հիշեցրեց Զոհրաբյանը` մտավախություն հայտնելով, որ ահագնացող չափերի հասած արտագաղթը վիզաների ազատականացման դեպքում կարող է էլ ավելի մեծ չափերի հասնել:
Բացի այդ, Զոհրաբյանը կասկած հայտնեց, որ ՀՀ քաղաքական իշխանությունը քաղաքական կամք կունենա իրական պայքար մղելու կոռուպցիայի դեմ:
«Ունենալո՞ւ է քաղաքական կամք դատական համակարգում խայտառակ կոռուպցիան վերացնելու համար, ունենալո՞ւ է քաղաքական կամք տնտեսական մենաշնորհների դեմ պայքարելու համար: Եթե ոչ, ապա այս համաձայնագիրը մնալու է ԵՄ-ի և Հայաստանի ԱԳՆ-ի դարակում դրված»,- ասաց Զոհրաբյանը:
ԱԺ-ն այսօր քննարկում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը: Համաձայնագրի վավերացման նախագիծը քվեարկության կդրվի ԱԺ-ի վաղվա` ապրիլի 11-ի նիստի մեկնարկին:
Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը տնտեսական, իրավական, կրթական, մարդասիրական և այլ ոլորտներում։ Դրա հետ մեկտեղ այն կազմվել է այնպես, որպեսզի չհակասի Հայաստանի եվրասիական ինտեգրման շրջանակներում իրականացվող գործընթացներին։
ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։