ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճարում Տիրոջ Հարությունը խորհրդանշող արարողությունից հետո հայ ուխտավորների և հրեա ոստիկանների միջև տեղի ունեցածի վերաբերյալ Երուսաղեմի Հայ Պատրիարքը իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի Արտաքին Գործոց Նախարարության ներկայացուցիչներին։
«Ապրիլի 7-ին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությունը` հոգևորականների, բազմաթիվ ուխտավորների ու սաղիմահայերի հետ միասին Սուրբ Հարության Տաճարում նշեց Տիրոջ Հարությունը խորհրդանշող Լուսավորեայի արարողությունը:
Սուրբ Հարության Տաճարի դուռը, ինչպես սահմանված է Status Quo-ով, բացեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Ավագ Թարգմանը: Միաբանությունը Սուրբ Հարության Տաճար Մուտք գործեց երկու հանդիսավոր թափորներով:
Գերեզմանից Տիրոջ հրաշափառ Հարությունը խորհրդանշող լույսը հանեց Հոգշ. Տ. Ասպետ Վրդ. Պալյանը, ով Ս. Գերեզման մտավ Երուսաղեմի Հունաց պատրիարքի հետ: Ս. Հարության տաճարում արարողությունը ավարտվեց Ս. Գերեզմանի շուրջ եռադարձ թափորով: Վանք վերադարձին, թափորը շարունակվեց շուկայից մինչև Սրց. Հակոբյանց տաճար:
Երուսաղեմում, Լուսավորայի արարողությունը կատարվեց ըստ Status Quo-ով սահմանված կարգի, առանց որևէ խախտման:
Ցավոք, պետք է նշել, որ վանքի դիմաց տեղի ունեցավ միջադեպ` ոստիկանության և համայնքի ներկայացուցիչների ու հոգևորականների միջև: Անհամաձայնությունը հարթվեց անմիջապես, սակայն ձերբակալվեց մեր հայրենակիցներից մեկը, ով մի ժամ հետո ազատ արձակվեց:
Դեպքի վերաբերյալ Երուսաղեմի Հայ Պատրիարքը իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի Արտաքին Գործոց Նախարարության ներկայացուցիչներին»,–գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 7–ին Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճարում Տիրոջ Հարությունը խորհրդանշող արարողությունից հետո հայ ուխտավորների և հրեա ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել, որի արդյունքում ոստիկանները ձերբակալել են հայ համայնքի ներկայացուցիչներից մեկին:
Անկախ տեղի ունեցածից, Երուսաղեմի հայ համայնքում Սուրբ Հարության տոնակատարությունը բնականոն հունով շարունակվել է: