ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ՀՀ նորընտիր նախագահն այսօր առավոտյան կնոջ հետ հյուրընկալվել է նախագահական նստավայրում:
Արմեն Սարգսյանին ու նրա տիկնոջը` Նունե Սարգսյանին, դիմավորել են Սերժ և Ռիտա Սարգսյանները:
Նախագահական նստավայրի ոսկեզօծ դահլիճում հյուրընկալության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ րոպեներ անց տեղի կունենա նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը, ևս մեկ անգամ Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ:
«Վստահ եմ, որ մենք որոշ ժամանակ հետո կարողանալու ենք արձանագրել հաջողություններ. ուղղակի դատապարտված ենք հաջողություն ունենալու: Իհարկե, վստահ եմ, որ տիկին Նունեն կօգնի Ձեզ, որովհետև դա պարզապես անհրաժեշտություն է»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին հյուրընկալության համար:
«Իհարկե, ակնկալում եմ Ձեզ հետ միասին շատ սերտ աշխատել երկար տարիներ: Վստահ եմ, որ Նունեն ինձ կօգնի՝ ոչ միայն, որ իմ 50 տարվա ընկերն է, 40 տարվա կինս, այլ նաև ունի փայլուն օրինակ՝ տիկին Ռիտայի օրինակը, թե ինչպես պետք է նախագահին աջակից լինել, օգնել և ոչ միայն աջակցել, նաև լինել ինչ-որ տեղ առաջնորդ որոշակի ուղղության մեջ»,-ասել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:
Ի դեպ, հիշեցնենք, նոր կարգի համաձայն, նորընտիր նախագահի նստավայրը լինելու է ոչ թե Բաղրամյան 26-ում, այլ Մաշտոցի պողոտայում գտնվող կառավարության ընդունելությունների տան շենքում։
Բաղրամյան 26—ը լինելու է ՀՀ վարչապետի նստավայրը։