ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանը պետք է լինի must-have երկրների ցանկում, կարծում է հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Ռազիգրաևը։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Անդրեյը վերջին անգամ Հայաստանում է եղել մոտ 20 տարի առաջ. գործուղման էր եկել ճիշտ այնպես, ինչպես այս անգամ։ Վերջին այցը հեռուստահաղորդավարի համար ոչ միայն գործուղում էր МУЗ-ТВ հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Արձակուրդ առանց ուղեգրի» ճանապարհորդական շոուի հերթական թողարկման նկարահանումներն իրականացնելու համար, այլ նաև հիանալի առիթ` Հայաստանին այլ տեսանկյունից նայելու համար։
Արևի երկիր կատարած առաջին ուղևորությունն ընդամենը 36 ժամ է տևել, իսկ այս անգամ Անդրեյը Հայաստանում 4 օր է անցկացրել։
«Որքան ավելի շատ ժամանակ ես անցկացնում երկրում, այդքան մեծ է մշակույթին, ժառանգությանը, պատմությանը ծանոթանալու հնարավորությունը։ Տեսնում ես մի շարք այլ բաներ, որոնք բնորոշ են ուրիշ երկրներին», — ասաց նա։
Այս անգամ Հայաստանը փոխել է Անդրեյի գիտակցությունն ու վերաբերմունքը։ Նա մեր երկիրը նորովի է ճանաչել, քանի որ այդ հարցում նրան օգնել է «Վարդանուշ տատիկ» զբոսաշրջային նախագծի ղեկավար Ամալյա Ակոպովան։ Նա հանդիպել է Ռուսաստանից ժամանած խմբին և հուշել, թե ինչ կարելի է նկարահանել։
Արդյունքում «Արձակուրդ առանց ուղեգրի» հեռուստահաղորդման հերթական գունեղ թողարկման ժամանակ հանդիսատեսը կարողացել է տեսնել մեր երկրի լավագույն ու հետաքրքիր 7 վայրերը` Ենոքավանից մինչև Սևան ու Երևան։
«Ինձ համար բացահայտում էր նաև այն, որ Հայաստանում ոչ միայն խորոված-մորոված կա, այլև համեղ գինի։ Երբեք չէի մտածի, որ Հայաստանը գինու վառ համի մայրաքաղաք է», — նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Անդրեյի խոսքով` մեր երկիրը բոլորի մոտ ասոցացվում է կոնյակի հետ, բայց գինին այստեղ իսկապես անմահական է։
«Բայց որպեսզի գինին համեղ լինի, պետք է մատուցել Սարյան փողոցի ժամանակակից մթնոլորտում։ Իսկ պանիրը, մարդիկ… Վերադառնալու և այդ հույզերը զգալու ցանկություն է առաջանում», — ասաց հեռուստահաղորդավարը։
Եվ զրույցի հենց այս հատվածում էլ նա նշեց, որ Հայաստանը must-have ցանկում է։ Հաղորդավարի խոսքով` մի շարք ԶԼՄ-ներ Հայաստանը ներկայացնում են որպես հետխորհրդային երկիր, որտեղ շատ են անցյալի մնացուկները, իսկ իրականում Երևանը փոխվել է և բացարձակ այլ քաղաք դարձել։
«Այստեղ ոչ միայն արժե այցելել, այլև պետք է ամբողջությամբ ընկղմվել այս քաղաքում, վայելել այն ամենը, ինչ տեսնում ես շուրջդ», — ավելացրեց նա։
Քանի որ Անդրեյը շատ և հաճախ է ճանապարհորդում, հետաքրքիր էր նաև, թե որ երկիրն է ամենից շատ տպավորել նրան։ Հեռուստահաղորդավարը նշեց, որ անկախ հայրենի Ռուսաստանի նկատմամբ ունեցած սիրո, Իտալիան ու ԱՄՆ-ն են բուռն տպավորություններ թողել։