ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանի քաղաքացիները կաթնամթերք քիչ են օգտագործում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն` հայաստանյան ցուցանիշները համեմատելով ՄԱԿ-ի անդամ այլ երկրների հետ։
«Այս պահին Հայաստանում կաթի տարեկան արտադրությունը շուրջ 100 000 տոննա է, որից օգտագործվում է շուրջ 90 000-ը։ Եթե կաթի արտադրությունն ավելանա, հնարավոր կլինի ներկրվող ապրանքները փոխարինել տեղականով, օրինակ` ավելացնելով պանրի, յոգուրտի արտադրությունը»,- ասաց Ռայմունդ Յելեն։
Կաթի արտադրության ավելացումը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի կարծիքով, կնպաստի արժեքի նվազեցմանն ու սպառման քանակի ավելացմանը։ Իսկ կաթնատվության ավելացման համար, ըստ նախարարի, հայ գյուղացուն պետք է սովորեցնել կենդանուն ճիշտ կերակրել։
«Մենք ունենք ավելի մեծ պահանջարկ`թե՛ արտահանման, թե՛ ներքին սպառման համար, քան այսօր կարող ենք որակյալ պանիր արտադրել մեր կաթից։ Մենք որակով կաթ շատ քիչ ենք արտադրում, ցավոք սրտի, որովհետև կա յուղայնության ցածր մակարդակ, կան հիվանդություններ»,- ասաց նախարարը։
Նա ավելացրեց` սրանք այն խնդիրներն են, որ նախարարությանը ներկայացրել են կաթ և պանիր արտադրողները։
«Մի կողմից մենք ունենք կաթ, որը որակով չէ և թույլ չի տալիս որակյալ պանիր արտադրել, մյուս կողմից մենք ունենք արտաքին շուկաներում հայկական արտադրության պանրի մեծ պահանջարկ»,- ասաց Առաքելյանը։
Ըստ նախարարի` հենց այս վիճակն էլ հանգեցնում է գների բարձրացման։