ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Երեկ՝ մարտի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Խաչատրյանն ու Երևան քաղաքի Սոսեի 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 23-ամյա Սեդրակ Կարապետյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում խուզարկություն են կատարել Դ. Խաչատրյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայում։
Կայքի տեղեկություններով՝ խուզարկության ընթացքում իրավապահները Դ. Խաչատրյանին և նրա ուղևոր Ս. Կարապետյանին առաջարկել են, որ ներկայացնեն դատարանի կողմից խուզարկության մասին որոշման մեջ նշված թմրամիջոցը։
Կարապետյանն իր տաբատի գրպանից հանել և իրավապահներին է ներկայացրել 3 հատ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փաթեթ՝ մոտ 23.4 գրամ ընդհանուր կշռով, որը քննիչի որոշմամբ առգրավվել է և ուղարկվել փորձաքրեագիտական վարչություն։
Խաչատրյանն ու Կարապետյանը հայտնել են, որ ներկայացված թմրամիջոցն իրենցն է։
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Խաչատրյանն աշխատում է «Յու Արդ Դենտ» ԱՁ-ում՝ որպես ատամնատեխնիկ, իսկ Կարապետյանը սովորում է Հայաստանի բժշկական բուհերից մեկի մագիստրատուրայի 2-րդ կուրսում։