ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլին ձևավորվող նոր կառավարության փոխվարչապետներից մեկի պաշտոնը զբաղեցնելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը: Իսկ ո՞վ է դառնալու Սերժ Սարգսյանի կառավարության աշխատակազմի նոր ղեկավարը:
Որոշ տեղեկություններով` Սերժ Սարգսյանը պատրաստվում է աշխատակազմի ղեկավար դարձնել իր օգնականներից մեկին`Արմեն Աբելյանին, ով նախագահական ոտք է դրել նրա հետ` 2008-ին: 2013-ին Ս. Սարգսյանը նրան Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել:
Նշենք նաև, որ ՀՀ չորրորդ նախագահի աշխատակազմը գրեթե կրկնակի կրճատվում է, օրենքով սահմանվել է, որ այն չի գերազանցելու 155-ը: Կառուցվածքից բացակայելու են որոշ ստորաբաժանումներ` պայմանավորված նոր Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների փոփոխությամբ: Մասնավորապես` բացակայելու են վերահսկողական ծառայությունը, ԱԱԽ քարտուղարությունը, Հանրային խորհրդի գրասենյակը:
Իսկ վարչապետի աշխատակազմը չի գերազանցի 600-ը»: