ԵՐԵՎԱՆ, 30 Մարտ — Sputnik. Երեկ կեսգիշերին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում։ Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, բախվել են Opel Astra և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 17-ամյա Աղասի Շմավոնյանը, 35-ամյա Վրեժ Քալաշյանն ու 34-ամյա Արմինե Քալաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումր» բժշկական կենտրոն, իսկ 30-ամյա Արտավազդ Աստոյանը վթարի հետևանքով մահացել է:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։ Մահացածի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: