ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Կոտայքի մարզի բնակիչ Ս. Ա.-ն վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է Աբովյանի տեխնիկական դպրոցի գործնական վարման վարպետ Ա. Գ.-ին, որն առաջարկել է կազմակերպել վկայականի ստացումը` ոստիկանության պաշտոնյային կաշառք փոխանցելով։ Ինչպես հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, Ս. Ա.-ն դրա մասին տեղեկացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում Ս. Ա.-ն կաշառքի գումարը տվել է գործնական վարման վարպետ Ա. Գ.-ին, որը հավաստիացրել է, որ այն փոխանցելու է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձանց, իսկ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար օրենքով նախատեսված քննությունները կրելու են ձևական բնույթ:
Իսկ քննության օրը, Ս. Ա.-ն թեև հարցաշարի հարցերին սխալ է պատասխանել, գործնական վարման առաջադրանքներն էլ սխալ է կատարել, բայց «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի ոստիկանները նրան դրական են գնահատել: Արդյունքում վարորդական հմտություններին չտիրապետող Ս. Ա.-ն ստացել է «B» կարգի վարորդական իրավունքի վկայական:
Փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության փաստերով։