ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայտնի են դարձել այսօր Արցախի Ղազանչի տեղանքում տեղի ունեցած հակատանկային ականի պայթյունի հետևանքով զոհված աշխատակիցների անունները: Նրանք են՝ Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը և Մարատ Պետրոսյանը: Տեղեկությունը հրապարակել է « Հալո Թրաստ» կազմակերպությունը։
Պայթյունի հետևանքով վիրավորում ստացած երկու անձինք այժմ գտնվում են Ստեփանակերտի հիվանդանոցում։ «Մենք սերտորեն համագործակցում ենք տեղի ոստիկանության և իշխանությունների հետ և կոչ ենք արել քննիչներին զեկուցել միջադեպի բոլոր փաստերի մասին»,- ասվում է «Հալո Թրաստ»-ի հայտարարության մեջ:
Թե՛ մահացածները, թե՛ վիրավորները Արցախի բնակիչներ են:
Միջադեպի առնչությամբ խոսել է «Հալո Թրաստ»-ի գործադիր տնօրեն Ջեյմս Քոուանը՝ ասելով. «Ամեն օր աշխարհով մեկ HALO-ի ավելի քան 8000 աշխատակից աշխատանքի է գնում այնպիսի վայրեր, որտեղ, նրանցից բացի, էլ ոչ ոք չի կարող քայլ անել, և այս ողբերգական միջադեպը ի ցույց է դնում այն, թե ինչ վտանգների հետ են բախվում նրանք, ինչպես նաև ընդգծում է այդ աշխատանքի կարևորությունը: Մեր գործընկերները մահացել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար տարածքն ավելի ապահով դարձնելու աշխատանքի ժամանակ»:
«Արմենպրեսի» տվյալներով` վիրավորվածները 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանն են: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից տեղեկացել էին, որ Գարիկ Վահիրյանի ոտքերը վիրահատվում էին: Արամ Մկրտչյանն էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ այսօր Մարտակերտ քաղաքի մոտ Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, պայթյունի հետևանքով 3 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ դեպքի վայրը հեռու է առաջնագծից և բանակի հետ կապ չունի, դեպքը տեղի է ունեցել Նոր Ղազանչի գյուղի մոտ։