ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան. Իրանա-ադրբեջանական հարաբերությունները դժվար է կատարյալ անվանել, շատ խնդիրներ կան, հատկապես քաղաքական հարթությունում։ Հայաստանում ուշադիր հետևում են գոյություն ունեցող տարաձայնություններին։ Հասկանալի է` ինչու։
Այդ ֆոնին հետաքրքրություն է առաջացնում Իրանի նախագահի այցը Բաքու։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 28-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Sputnik Արմենիան այդ թեմայով զրուցել է իրանագետներ Արմեն Իսրայելյանի և Կարեն Մկրտչյանի հետ։
Իսրայելյանը կարծում է, որ Բաքու կատարած այցը Ռոհանիի տարածաշրջանային այցերի մաս է։ Այն հաջորդել է Աշխաբադ կատարած այցելությանը։
«Օրակարգում դրված են մի քանի կարևոր հարցեր, մասնավորապես Կասպից ծովի հարցը», — ասաց Իսրայելյանը։
Նրա խոսքով` այս լճի իրավական կարգավիճակը բոլոր մերձկասպյան երկրների օրակարգի կարևորագույն հարցերից է։ Պետությունների մեծամասնությունը հակասություններ ունի այս հարցում, այդ թվում` Իրանն Ադրբեջանի և Ադրբեջանը Թուրքմենստանի հետ։
Կարևոր է նաև Կասպից ծովի էներգակիրների` նավթի և գազի հարցը։ Թեհրանը փորձում է Բաքվի և Աշխաբադի հետ պայմանավորվել այս հարցում։
«Խնդիրներ կան Թուրքմենստանի և Ադրբեջանի, Իրանի և Ադրբեջանի միջև։ Ժամանակ առ ժամանակ հարաբերությունները թեժանում են հենց Կասպից ծովի պաշարների պատճառով», — նշեց Իսրայելյանը։
Իրանագետի խոսքով` խնդիրները շատ են և բազմաբնույթ, կողմերը քննարկելու շատ բան ունեն։
Բացի այդ, Իրանը վերջին շրջանում մեծ հետաքրքրություն է դրսևորում Կենտրոնական Ասիայի նկատմամբ, ինչպես նաև երկաթուղային ցանցի զարգացման, որը կկապվի դրա հետ, այդ թվում` Ռեշտ-Աստարա հատվածի շինարարության, որը ձգվում է դեպի Ադրբեջան։
Այս տարին Իրանում հռչակվել է տնտեսությունն ակտիվացնելու, արտադրությանը և ապրանքների արտահանմանն աջակցելու տարի։ Այսպիսով, իշխանություններն առևտուրն աշխուժացնելու համար օգտագործում են բոլոր հնարավորությունները և ուղղությունները։
Այդ քաղաքականության շրջանակում ակնկալվում է, որ այցեր կլինեն նաև ԵԱՏՄ երկրներ, քանի որ Իրանը, ամենայն հավանականությամբ, այս տարի մտադիր է լրջորեն ակտիվանալ այս ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Աստարայի կամրջին (այցի պաշտոնական օրակարգը), ապա դրա բացումը, Իսրայելյանի խոսքով, փաստացի արդեն տեղի է ունեցել մարտի 27-ին «Ադրբեջանական երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարի և Իրանի տրանսպորտի նախարարի ներկայությամբ։
Իրանագետ Կարեն Մկրտչյանի խոսքով` «Աստարա-Աստարա» երկաթուղային հատվածի կամրջի բացումը սոսկ ձևական միջոցառում է, որով պետք է հիշվի Ռոհանիի այցը։
«Հիմա Իրանի համար մեծ նշանակություն ունեն Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցող իրադարձությունները։ Մարտի 8-ին իրանական կողմի նախաձեռնությամբ Ռոհանին զրուցել է Էրդողանի հետ Սիրիայում իրավիճակի մասին, մասնավորապես, Արևելյան Գուտայի։ ԶԼՄ-ների տվյալներով` Ռոհանին առաջարկել է Թուրքիային հաշվի առնել, օգտագործել Իրանի ազդեցությունը` «մարդկային աղետը» կանխելու համար», — ասաց Մկրտչյանը։
Այսպիսով, Իրանն ակնարկում է, որ տարածաշրջանում Թուրքիայի միակողմանի գործողությունները ողջունելի չեն։ Մկրտչյանի կարծիքով` Թեհրանը հետագայում ևս աչք չի փակի Թուրքիայի գործողությունների վրա։
Թուրքիայի ակտիվությունն անմիջականորեն կարտացոլվի Ադրբեջանում, որը հաճախ փորձում է օգտվել Անկարայի ազդեցության աճից` Հարավային Կովկասում շահաբաժին ստանալու համար։
«Եթե Թուրքիան հաջողության հասնի դիվանագիտական կամ քաղաքական մակարդակում, ապա ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի տարածաշրջանում Ադրբեջանի քաղաքականության վրա։ Այդ տեսանկյունից կարծում եմ, որ Ռոհանին կփորձի օգտագործել զսպող մեխանիզմներ` Բաքվի քաղաքական հարցումների աճը կանխելու համար», — նշեց Մկրտչյանը։
Նրա խոսքով` երկկողմանի հարաբերություններում հակառակ իրավիճակն է տնտեսության ոլորտում։ Իրանն այդ ոլորտում պատրաստ է խորացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները, բայց վերապահումներով։
Թեհրանը տնտեսական լծակներն օգտագործում է որպես հակակշիռ։ Եթե Ադրբեջանը հրաժարվի լուրջ տարածաշրջանային ռազմաքաղաքական նպատակներից, ապա փոխարենը կխորացվեն Իրանի հետ տնտեսական կապերը։
Հիշեցնենք, որ Ռոհանիի այցի պաշտոնական օրակարգի շրջանակում ներառված է Իլհամ Ալիևի հետ հանդիպումը, երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը։ Սպասվում է մի շարք երկկողմանի փաստաթղթերի ստորագրում։
Մարտի 29-ին պետությունների ղեկավարները կմասնակցեն Նեֆտչալեում ավտոմոբիլային գործարանի և Աստարա-Աստարա երկաթուղու բացմանը։