Երևան, 25 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. «Դիլիջան» ազգային պարկում այս պահին հրդեհ չկա: Վերջին երկու օրերին պարկի տարածքում բռնկված բոլոր օջախները հաջողվել է մարել:
Հիշեցնենք, որ նախօրեին «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասի 5-6 –րդ պահաբաժիններում հրդեհի նոր օջախ էր հայտնաբերվել: Այդ մասին հայտնել էր բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը։ Իսկ դրանից մեկ օր առաջ հրդեհվել էր Դիլիջան ազգային պարկի երկրորդ պահաբաժնի Կարմիր քար կոչվող տեղամասը։
Ինչպես երևում է, Դիլիջանի անտառի շուրջ թնջուկը չի հագուցալուծվում: Տարբեր մեկնաբանությունների համաձայն` հրդեհն Ազգային պարկի նախկին ու ներկա պաշտոնյաների ձերբակալությունների մասին արձագանքն էր. այդպես նրանք փորձում են վրեժ լուծել ղեկավար անձանց ձերբակալությունների համար:
Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ հերքեց այս վարկածը` առաջարկելով սպասել քննության ավարտին: Բայց չթաքցրեց, որ «Դիլիջանում իրավիճակը մնում է լարված, նախարարությունն էլ այն պահում է իր մշտական ուշադրության կենտրոնում»:
Ինչ վերաբերում է ուրբաթ օրը ձերբակալված Դիլիջան Ազգային պարկի նախկին ու ներկա պաշտոնյաներին, ապա նրանցից այս պահին կալանավորված է միայն մեկը` «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Մինչդեռ ներկա ղեկավարը` Արտակ Մանուչարյանը դարձյալ ազատության մեջ է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով նախկին ու ներկա պաշտոնյաների ձերբակալումից հետո քննչական մարմինը դատարան միջնորդություն էր ներկայացրել երկուսի նկատմամբ էլ կալանքը` որպես խափանման միջոց ընտրելու մասին: Դատարանը, սակայն, բավարարել է միայն մեկը: Մանուչարյանը քրեական գործի ավարտին կսպասի ազատության մեջ:
Հիշեցնենք, քրեական գործը հարուցվել էր «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին տեղամաս»-ի մի շարք պահաբաժիններում ապօրինի ծառահատումների գործով նախին և ներկայիս ղեկավարների կողմից ընդհանուր առմամբ հատված 7302 ծառի փաստով:
Ընդ որում, դրանցից 2055 ծառ հատվել է Արտակ Մանուչարյանի պաշտոնավարման օրոք` պետությանը պատճառելով 416 901 250 ՀՀ դրամի վնաս, 5,247-ը` նախկին ղեկավար Հովհաննիսյանի օրոք`պատճառելով 805 384 250 ՀՀ դրամի վնաս:
Քրեական գործի քննության ընթացքում արդեն իսկ պարզվել է, որ ծառահատումների համար 2014թ.-ի ստեղծվել է կայուն հանցավոր խումբ: Պարզվել է խմբի ստեղծմանն ու ղեկավարմանը մասնակցած անձանց ինքնությունը, ովքեր քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել դեռևս 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաև «Հաղարծին տեղամաս»-ի անտառապահներ Ս. Զարգարյանը, Գ. Պողոսյանը և Վ. Դիլանյանը։ Նույն գործով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության գծով տնօրենի տեղակալ-բաժնի պետ Վ. Վասիլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված:
Սոնա Տռուզյանից տեղեկացանք նաև, որ տվյալ պաշտոնյային իրավապահները դեռ չեն հայտնաբերել:
Բայց մինչ նախարարությունն ու քննիչները փորձում են կարգ ու կանոն հաստատել Դիլիջանի անտառում ու փրկել դեռևս պահպանված բնությունը, ծառահատումների բիզնեսով զբաղվողները չեն հանձնվում:
Անցյալ տարի հոկտեմբերի 13-ին ցուցադրական մի հրդեհ-ակցիա կազմակերպվեց հենց նախարար Արծվիկ Մինասյանի դիլիջանյան այցի ընթացքում:
Երեկոյան մի խումբ անձինք հարձակվել էին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխպատակիցների վրա, ծեծել նրանց ու հրկիզել պահնորդական վագոն-տնակը:
Այս դեպքով ևս կա հարուցված քրեական գործ: