ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. ԱԺ–ն այսօր արտահերթ նիստում, անհետաձգելի կարգով քննարկեց և երկրորդ ու ամբողջական ընթերցմամբ ընդունեց Կառավարության գործունեության ու կառուցվածքի մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Ապագա գործադիր մարմնի կառուցվածքից օրենքի հեղինակներն առաջարկում են հանել Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը։ Վաչե Գաբրիելյանի ղեկավարած նախարարությունն այլևս պետք չէ։
Այսպիսով` ապրիլի 17-ից հետո նոր վարչապետի առաջարկով ձևավորվող նոր կառավարության կազմում կլինեն ոչ թե 18, այլ արդեն 17 նախարարներ, 1 առաջին փոխվարչապետ և 2 փոխվարչապետներ:
Բացի կառավարության ու վարչապետի աշխատակազմերից առանձին աշխատակազմեր են նախատեսված նաև փոխվարչապետների համար։
Կառավարության աշխատակազմում կստեղծվեն նաև 3 նոր կառույցներ` պետական արարողակարգի, պետական վերահսկողության և պետական պահպանության։
Հիշեցնենք` նոր կարգի համաձայն` վարչապետը պետք է նոր կառավարության կազմը ձևավորի 15 օրվա ընթացքում:
Նշանակումից հետո հնգօրյա ժամկետում վարչապետը հանրապետության նախագահին պետք է ներկայացնի առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն։
Ազգային ժողովն այսօր 63 կողմ, 26 դեմ ձայնով հաստատեց կառավարության նոր կառուցվածքի մասին օրինագիծը։ Այն օրենքի ուժ կստանա ՀՀ նախագահի ստորագրելուց հետո։ Նոր կառավարությունը կկազմվի արդեն այսօր ընդունած օրենքի շրջանակներում։
Հիշեցնենք` գործող կառավարությունը հրաժարական կտա գործող նախագահի հրաժարականից հետո և կշարունակի աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։