ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ապրիլի 17-ից հետո ձևավորվող նոր կառավարությունում նախարարական պորտֆել կստանա։ «Ժողովուրդ» օրաթերթի պնդմամբ, տևական ժամանակ է, ինչ որոշ շրջանակներում նման լուրեր են պտտվում։
Դրանց համաձայն` Արամայիս Գրիգորյանին բաժին կհասնեն կա՛մ գյուղատնտեսության, կա՛մ բնապահպանության նախարարի պաշտոնները։
«Սերժ Սարգսյանը բարեհաճ է գտնվելու, որովհետև նա և եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ԱԺ վերջին ընտրություններին ՀՀԿ-ին ահռելի ծառայություններ մատուցեցին՝ ապահովելով մեծ ձայներով: Իսկ մինչ այդ, Արամայիս Գրիգորյանը բավական ակտիվ էր համացանցում՝ հոգալով, որ իր ամենօրյա գործունեությունն ակտիվորեն լուսաբանվի, և տպավորություն ստեղծվի, թե ամենալավ նախարարներից մեկն է»,– գրում է թերթը: Նախկինում Արամայիս Գրիգորյանն արդեն զբաղեցրել է այս երկու պաշտոնները։