ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Գործադիր իշխանությունից բացի առաջիկայում փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում: «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, կփոխվի Ֆրանսիայում ՀՀ դեսպան, 77-ամյա Վիգեն Չիտեչյանը, ով 1995թ-ից դեսպան է աշխատում, որից 11 տարին՝ Ֆրանսիայում: «Նրան վերջին տարիներին չէին փոխում, քանի որ լուրեր կային, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մտադիր է վերադառնալ հին պաշտոնին՝ Ֆրանսիայում դեսպան»,– գրում է թերթը:
Եթե Հայաստանում որոշեն փոխել Ֆրանսիայում ՀՀ դեսպանին, այդ պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հասմիկ Տոլմաջյանը:
Պաշտոնին հնարավոր է հրաժեշտ տա նաև Ավստրիայում ՀՀ դեսպան, ԱԳ նախկին փոխնախարար Արման Կիրակոսյանը, ով այդ գործում է 2011թ.-ից։ Ըստ «Հրապարակի»` Կիրակոսյանն առողջական խնդիրներ ունի և «թեթև» գործի կանցնի՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն։ Այս պաշտոնը թափուր է մնացել Հայկ Դեմոյանի՝ ԱՄՆ մեկնելուց հետո։
Իսկ Իսրայելում (նստավայրը՝ Կահիրե) ՀՀ դեսպան կնշանակվի, Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան, մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանը։ Այժմ Իսրայելի դեսպանի պարտականությունները համատեղության կարգով իրականացնում է Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը։

