ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ այսօր Վատիկանի այգիներում տեղադրվել է Տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը։
2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս նախագահ Սարգսյանը հույս հայտնեց, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանեց արձանն ու շնորհակալություն հայտնեց նախագահին՝ տալով իր համաձայնությունը:
Կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Նարեկացու արձանի հեղինակ Դավիթ Երևանցու գլխավորությամբ գործի անցավ: Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը և ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանն ակտիվորեն ներգրավվեցին արձանի ստեղծման աշխատանքներում, իսկ Արթուր Ջանիբեկյանը, ով, ի դեպ, աշխարհում Նարեկի տարածման իսկական նվիրյալ է, միացավ ինձ` դառնալով արձանի երկրորդ բարերարը:
«Ստեղծագործական խմբի քրտնաջան աշխատանքի արդյունքում Չեխիայում ձուլվեց Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը, որի տեղադրման աշխատանքները Վատիկանի այգիներում այսօր ավարտվեցին»,–գրել է Մինասյանը:
Գրիգոր Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական է, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Նա սրբադասվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդականություն է վայելում «Մատյան ողբերգության» («Նարեկ») չափածո աղոթքների ժողովածուն։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու Տիեզերական վարդապետների շարքը։