ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով թմրամիջոցների մաքսանենգության և դրանց ապօրինի շրջանառության դեմ, կանխել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ներկրման հերթական դեպքը:
Ինչպես տեղելկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հե¬տախուզական միջոցա¬ռումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Լ.Ս.-ն Մեղրիի հատվածում մոտեցել է հայ-իրանական սահմանագծին և հայկական կողմում իրեն նախապես սպասող ՀՀ քաղաքացիներ Գ.Հ.-ի և Է.Հ.-ի ուղղությամբ` ինժեներա-տեխնիկական կառույցների փշալարերի վրայով, նետել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցով 2 փաթեթ:
Փաթեթները վերցնելով՝ Հայաստանի քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով փորձել են հեռանալ, սակայն ՀՀ ԱԱԾ աշխատակիցները նրանց բերման են ենթարկել։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են:
Ըստ օպերատիվ աղբյուրների` հայտնաբերված «ափիոն» տեսակի թմրամիջոցի արժեքը «սև շուկայում» մոտ 70 մլն դրամ է։

