ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Վորոնեժի մարզում Երևան–Մոսկվա երթուղով ընթացող ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ ՃՏՊ–ի հետևանքով տուժածների թիվը հասել է 9-ի, Sputnik Արմենիային հայտնեցին տեղի հիվանդանոցից։
Վորոնեժի կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկի տեղակալ Գենադի Բալաբաևը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենց հիվանդանոցում այս պահին 9 տուժած կա, 2–ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր։
«Տուժածներից մեկը ծայրահեղ ծանր է, նա կրծքավանդակի վնասվածք է ստացել»,–նշեց Բալաբաևը։ Մյուս 40 ուղևորներն այս պահին գտնվում են Պովլովյան շրջանի «Ինչպես տանը» հյուրանոցային համալիրում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 20-ի առավոտյան բախվել են Հայաստանից Ռուսաստան մեկնող ավտոբուսն ու բեռնատարը։ 2 մարդ զոհվել է, 9-ը վնասվածք ստացել և տեղափոխվել Պավլովսկի շրջանի հիվանդանոց։ Նրանցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, հինգինը` միջին ծանրության։
«Նրանցից 7-ը` ՀՀ քաղաքացի են, 8-րդը` ՌԴ քաղաքացի Ադիգեայից։ 9-րդին նոր բերեցին, նա նույնպես Հայաստանի քաղաքացի է, ինքն է մեզ դիմել», – ասել է հիվանդանոցի ներկայացուցիչը։
Երևանից Տվեր մեկնող ավտոբուսն այսօր առավոտյան` ժամը 8։40–ի շրջակայքում վթարի է ենթարկվել Պավլովյան շրջանում, Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին։ Այն բախվել է Վորոնեժից եկող բեռնատարին։ Ավտոբուսը հանդիպակաց գոտի էր դուրս եկել։

